Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Գովազդային երազախաբկանք (մենախոսություն)

Գովազդային երազախաբկանք (մենախոսություն)
12.06.2012 | 01:20

Համբերությունս բերանս հասավ։ Քնում եմ, և տիար Շուլցը ինձ մանուշակի մի փունջ է նվիրում։ Հետո հրավիրում օրն ավարտել սեռական բնույթի անգիտակից հակումներում։ Հարկավ գլխի ընկաք, որ մանուշակի փունջ նվիրելու գաղափարը մնաց կես ճանապարհին, զի ես, կներեք, ոչ դեռափթիթ տիկին եմ, ոչ էլ (առավել ներողամիտ եղեք) հուշաղբյուր, որ վրաս ծաղիկներ դարսեն։ Ի դեպ, սույն մանուշակները, չգիտես ինչու, ընտրակաշառքի 10 հազար դրամանոցի հոտ ունեին։ Այն էլ շատ թունդ։ Երազս այս ինչե՞ր կցուցանե զիս` մտածեցի երազում և որոշեցի հապշտապ արթնանալ։
Երազը, հասկանալի է, իրականության անդրադարձն է, երբեմն երանավետ զգացումներ է առաջ բերում, երբեմն էլ մղձավանջ։ Նայած թե օրվա ընթացքում ինչ ես տեսել և ինչպես ես դա ընկալել։ Շուլցը ո՛չ օվչարկա ցեղատեսակի շուն է, ո՛չ էլ թաղային ոստիկանի մականուն։ «Շուլցը» ծաղկի սրահի անվանում է, գրոհային քիչ, մի քիչ էլ, համաձայնենք, մեղեդային։ Վատ չէ, զի ասում են` Շուլց, և մետաղյա հնչերանգներն են պար բռնում ու մղում պարի, շարժման, խմբերգի։ Պարը հասկանալի է` ոչ շալախո։ Շարժումն իր հերթին` ոչ «Հայոց համազգային», խմբերգն էլ, բնականաբար, ոչ բնավ «Լա-րի՜ թմբլա հա-հա-հա»։
Սակայն, եթե գովազդը գովք է ազդելու միջոցով, «Շուլցն» ինչո՞ւ պիտի շեղի քեզ ճանապարհից և ուղեկցի ծաղկի խանութ։ Եթե, առավել ևս, որ անվանումը ըմբոշխնելով նախ ենթադրում ես, որ այստեղ վաճառում են փամփուշտ, պետքաման կամ վառոդ։ Իր հերթին էլ սեռական բնույթի անգիտակից հակումը լիբիդոն է։ Եվ այս անունով էլ սրճարան կա մեր քաղաքում։ Մտնում ես սույն սրճարանը, սուրճ պատվիրում և մի գավաթ կոնյակ։ Վայելում ես ու անմիջապես ի հայտ գալիս սեռական բնույթի անգիտակից հակումների տիրույթում։ Եվ թե ինչի են մղում նման հակումները, կիմանան «Լիբիդոյի» մշտական այցելուները։
Մի խոսքով, անվանակոչումների բնագավառում շատ ուշագրավ իրավիճակ է։ Օրինակ, ինչպես լուծել սույն հանելուկը` «Անտրեսոլով խաչապուրի»։ Այն ուտե՞լ է պետք, նախապես «Շուլցից» ծաղկեփունջ ձեռք բերելով և լիցքավորվելով սեռական բնույթի անգիտակից հակումներո՞վ։ Գուցե։ Իսկ «Տեռռանովա՞ն»` Ազնավուրի հրապարակում։ Սա՞ ինչի է մղում։

Քարը գլուխը, ոմանց երևակայությունը չափազանց գունեղ է և քարը քարին չի թողնում։ Բայց ինչ գնահատական տալ լուլաքաբաբ ու գարեջուր մատակարարող թաղային նշանակության պանդոկապանին, ով յուր օբյեկտն անվանակոչել է «Տիգրան Մեծ»։ Տեղին կլիներ, որ այստեղ մատուցվեին «Լուկուլլոս» շոգեխաշած պլոճիկն ու «Անտոնիոս» թավաքաբաբը։ Նաև, իհարկե, «Կլեոպատրա» սնկի ռագուն։

Ժամանակին մի ցնցող գովազդ էր տանջամահ անում լսողությունս. «Հայերեն քայլիր»։ Խոսքը վերաբերում էր հայրենական արտադրության կոշիկներին։ Որ դրանք, ի համեմատություն ներկրված տեսականու, անհամեմատ որակյալ էին, կասկած չկա։ Բայց, չգիտես ինչու, ընկերությունը լքեց շուկան, կամ փոխեց կարգախոսը։ Սակայն կարևորն այլ բան է. ահ ու տագնապով այն օրերին սպասում էի, որ ահա մեկը շուկայում հայրենական զուգարանակոնքեր կներկայացնի։ Ինչպիսի՞ն կլիներ նրա կարգախոսը. «Հայերեն պպզի՞ր»։

Վերջերս կրկին երազ տեսա։ Տաքսի ծառայությունների անվանումների շքերթն էր` մայրաքաղաքի փողոցներով։ «Վայ քո արա՜» անվանակոչված վառ նարնջագույն անվանումը բազմեց ուսերիս և ինձ քշեց դեպի թունաքիմիկատների խանութ` «Զոքանչ»։ Հետո ձախ թեքվեցինք և մտանք «Կարգին թրաշեմ» վարսավիրանոցը, քիչ թարմացանք թունաքիմիկատների մշուշից և արշավեցինք դեպի հյուսիս։ Թե ինչեր եղան հյուսիսային սարահարթերում, արդեն չեմ էլ հիշում։ Հիշում եմ միայն կապուտաչյա Կարմիր կովին, որ ոտքը ոտքին գցած անտարբեր ծխում էր` բազմած «Սիլոսի աշխարհ» տրանսկոնտինենտալ կորպորացիայի թոփ-մենեջերի գրասեղանին։ Հետո հիշում եմ, որ ուշաթափվեցի։ Քանի որ կապուտաչյա Կարմիրն ինձ առաջարկեց գրել իրենց կորպորացիայի օրհներգը, ուր պիտի պարտադիր լինեին հետևյալ բառերը. «աթար, նանոտեխնոլոգիաներ, սիլոսը մեզ ախպեր, սահմանամերձ գյուղեր, քաղաքական դադար, քրտինքը մեր ազգի բալասան» և այլն։

Երազում արթնացա դռան զիլ զանգից։ Շուլցը, անտրեսոլով խաչապուրին ձեռքին, սենյակ խուժեց և ինձ հանձնեց տրանսկոնտինենտալ կորպորացիայի գլխավոր մրցանակը` սահմանված օրհներգի լավագույն տարբերակի համար։ Որը գրել էի Լիբիդոյի երրորդ աստրալում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Կրթություն
Գիտություն
Արվեստ
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 05.09.2024